Վերոհիշյալ երեք գործողությունների հաջորդականությունը պայմանավորված է այն փաստերով, որ առաջին հերթին մենք այլեւս ժամանակ չունենք և երկրորդ՝ միայն պետության կոնկրետ քայլերից և հանձնառությունը վերցնելուց հետո հնարավոր կլինի գոնե մասնակիորեն վերացնել պետական մարմինների ու գիտական համայնքի՝ արդեն երեսուն տարվա հակադրությունը, ստեղծել փոխըմբռնման և համագործակցային առողջ միջավայր, ձեռք բերել դաշնակիցներ, համատեղ աշխատել ռազմավարության մշակման ու կյանքի կոչման համար:
Հայաստանն ապագայում ուժեղ և մրցունակ տեսնելու համար պետք է ընդունել մինչ օրս կատարված սխալներն ու բացթողումները: Մի՞թե արցախյան 44-օրյա պատերազմի անդառնալի կորուստները և հետևանքները բավականաչափ սթափեցնող չեն, որպեսզի մենք մեկընդմիշտ գիտակցենք՝ հզոր տնտեսություն և ռազմարդյունաբերություն ունենալու համար մեզ պետք է գիտուժ, մեզ պետք են բարձրակարգ գիտնականներ և ճարտարագետներ՝ նորագույն գիտելիքներով զինված։ Իսկ գիտության առաջխաղացմանը նպաստող պայմանների և միջավայրի ստեղծողը պետությունն է, որն ընդամենը մեր կողմից վճարվող հարկերի ճիշտ վերաբաշխմամբ կարող է վերածնել հզոր գիտությունը Հայաստանում։ Եթե մենք այսօր չգիտակցենք այս պարզ ճշմարտությունը, վաղն արդեն իսկապես ուշ կլինի: